Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում շրջայց՝ Գյումրիում իրականացվող շինարարական և հիմնանորոգման ծրագրերի շինհրապարակներում

17.08.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր շրջել է Գյումրիում իրականացվող շինարարական և հիմնանորոգման ծրագրերի շինհրապարակներում։
Այցի առաջին կանգառը Գյումրու «Արևիկ» մանկապարտեզի շենքի վերանորոգման շինհրապարակում է եղել։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2025 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։
Վերանորոգման արդյունքում Գյումրին կունենա 186 տեղ հզորությամբ ժամանակակից մանկապարտեզ։ Ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 52 մլն 805 հազար դրամ է։ Ծրագրի պատվիրատուն Շիրակի մարզպետի աշխատակազմն է։
«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր շինարարական ծրագրի արդյունավետ իրականացումը՝ լինի դա մանկապարտեզի վերանորոգում, փողոցի հիմնանորոգում, թե ճանապարհային խոշոր ծրագիր։ Պետական ներդրումները պետք է վերածվեն որակյալ և երկարաժամկետ արդյունքի, իսկ աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։ Մեր առաջնահերթությունն է, որ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր ունենա տեսանելի ու շոշափելի արդյունք և իրականում բարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը։ Գյումրու այս երկու մանկապարտեզների վերանորոգման ծրագրերում հատկանշականը նաև այն է, որ երկուսում էլ կային հատվածներ, որոնք անմխիթար վիճակում էին և ընդհանրապես չէին օգտագործվում, հիմա այդ հատվածների վերականգնումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրում ևս երկու խումբ բացել և ընդգրկել հերթագրված երեխաներին»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև Դավիթ Խուդաթյանն ու Դավիթ Առուշանյանը ծանոթացել են Գյումրու «Լապտերիկ-մսուր մանկապարտեզում» իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։ 177 տեղ հզորությամբ վերանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 87 մլն 275 հազար դրամ։ Ծրագրի պատվիրատուն Շիրակի մարզպետի աշխատակազմն է։
Շինհրապարակներում պատասխանատուները զրուցել են աշխատանքներն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքները, առաջիկա փուլերն ու բարձրացված հարցերի լուծման տարբերակները։
Մարզպետն ու նախարարը կարևորել են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ ծրագրերի վերջնական արդյունքը պետք է ապահովի երեխաների համար անվտանգ ու ժամանակակից պայմաններ։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-17 12:16:54