Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը դիտարկել են մի շարք ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը

17.08.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել են նաև իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը։
Պատասխանատուները հետևել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարի հետ խոսել ժամկետների ու ծավալների փոփոխության մասին։ 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
Նախարարն ու մարզպետը եղել են նաև Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։ Շուրջ 2,44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել են 110 մլն 553 հազար դրամի աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները շարունակվում են։
Շինհրապարակում Դավիթ Առուշանյանը և Դավիթ Խուդաթյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը, ժամկետների պահպանման հարցերը։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շիրակացի փողոցի շինաշխատանքների ընթացքին, խոսել ճանապարհաշինական նոր մեկնարկող լայնածավալ ծրագրերից։
«Շիրակի մարզում մոտ 50 մլրդ դրամի շինարարություն է արվում և օր օրի այդ թվերը փոփոխվում, ավելանում են, ամեն օր նոր մրցույթներ են տեղի ունենում, ծավալները շատ մեծ են, մեր աշխատակիցները շինհրապարակներում են և անում ենք հնարավորը, որ վերահսկողությունը պատշաճ կերպով իրականացվի։ Ինչ վերաբերում է Շիրակացի փողոցին, ապա շինարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր։ Մենք նաև անելու ենք հնարավորը, որ ամենասեղմ ժամկետներում մեկնարկեն նաև մյուս փողոցների ասֆալտապատման աշխատանքները»,– նշել է Դավիթ Առուշանյանը։
Այնուհետև պատասխանատուները ծանոթացել են Մյասնիկյան փողոցում ընթացող աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությունը մեկնարկել է ապրիլին, իսկ ավարտը նախատեսվում է հոկտեմբերին։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 115 մետր է, երթևեկելի հատվածի մակերեսը՝ 1265 քմ, մայթերի մակերեսը՝ 484 քմ։
Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 44 մլն 666 հազար դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 20 մլն 99 հազար 835 դրամ է՝ 45 տոկոս։
Շինհրապարակներում քննարկվել են նաև աշխատանքների հաջորդ փուլերը, ժամկետների պահպանման և շինարարության որակի ապահովման հարցերը։ Մարզպետն ու նախարարը կարևորել են, որ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի արդյունքում Գյումրիի բնակիչներն ունենան անվտանգ, բարեկարգ և հարմարավետ երթևեկության պայմաններ։
Շրջայցից հետո նախարարն ու մարզպետը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։
«Մեզ համար խիստ կարևոր է, որ այս գործընթացը կազմակերպվի առանց քաշքշուկների ու ավելորդ ձգձգումների, մինչև սեպտեմբերի վերջ կարողանանք նախագիծ ունենալ, որպեսզի մյուս տարեսկզբից արդեն լայն թափով ձեռնամուխ լինենք աշխատանքների իրականացմանը, համակարգված աշխատենք և մեր բնակիչներին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառելով բարեկարգենք թաղամասերը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
ՏԿԵ նախարարը լսել է պատասխանատուներին, քննարկել բարձրացրած հարցերն ու հանձնարարել ՎԶԵԲ պատասխանատուներին եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա անելիքների հստակ գրաֆիկը՝ ընդգծելով ժամկետներն ու գործընթացների տևողությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 18:07:03