Նորություններ
Տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցությունը
18.08.2026
2026-27 ուստարին՝ ընթերցանության տարի. նոր ուսումնական տարվան ընդառաջ, այսօր տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցությունն անցկացրել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Մինչ խորհրդակցությունը, մարզպետն ու նախարարի տեղակալը շրջել ու ծանոթացել են կրթական էքսպոյի շրջանակում մարզի դպրոցների ներկայացրած նախագծերին, դրանք եղել են «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» թեմաների շրջանակում:
Աշխատանքային քննարկումը մեկնարկել է «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրենների ու մանկավարժների՝ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրերի հանձմամբ։
«Ինձ համար կարևոր է հանդիպել ձեզ ու քննարկել հետաքրքրող հարցերը, հատկապես այն փուլում, որ մի քանի օրից կմեկնարկի նոր ուսումնական տարին, ինչպես նաև այն փուլում, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության գործընթաց կմեկնարկի, սեպտեմբերից մարզային ենթակայության դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության, միաժամանակ նախարարության ենթակայության դպրոցների վարչատնտեսական կառավարումը կփոխանցվի մարզպետի աշխատակազմին։ Վստահ եմ՝ գիտեք, որ ինձ համար ենթակայության փոփոխությունը, մինչ այդ եղած կարգավիճակը որևէ նշանակություն չի կարող ունենալ այն առումով, որ մարզում յուրաքանչյուր կառույց, իմ թե հովանու ներքո է, թե վերահսկողության։ Անկախ ենթակայության այս փոփոխություններից, իմ մոտեցումը մնում է նույնը․ Շիրակի մարզի բոլոր դպրոցները և կրթական կառույցները դիտարկում եմ որպես միասնական համակարգի մաս՝ առանց տարանջատելու դրանց գերատեսչական ենթակայությունը։
Ինձ համար առաջնային նշանակություն ունի դպրոցներում առողջ և գործընկերային մթնոլորտի ձևավորումը, համերաշխ աշխատանքն ու արդյունավետ համագործակցությունը։ Մեր գլխավոր նպատակը երեխաների համար որակյալ և բնականոն կրթական գործընթացի ապահովումն է, անհրաժեշտ կրթական պայմանների ստեղծումը, ինչպես նաև մանկավարժների անխոչընդոտ և արժանապատիվ աշխատանքը։
Վստահ եմ, որ նոր ուսումնական տարում ևս նույն սկզբունքներով շարունակելու ենք մեր աշխատանքը՝ խթանելով նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները՝ առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը։
Ըստ այդմ, նախորդ տարի չափորոշիչն արդեն գրեթե ամբողջությամբ ներդրված է եղել, այս տարի այն կներդրվի նաև 12-րդ դասարանում։ Նոր կարգավորումներով՝ միջին դպրոցում ավելացել են պետական բաղադրիչի ժամերը, իսկ տարրական և հատկապես ավագ դպրոցներում՝ դպրոցական բաղադրիչի ժամերը։
Հանրակրթության պետական չափորոշչում իրականացված փոփոխություններով՝ «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում դառնում է առանձին առարկա։ Նույն դասարաններում դասավանդվելու է նաև «Անվտանգ կենսագործունեությունը», որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա՝ սովորեցնելով նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։
12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն, Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։
«Արհեստ և արվեստ» և «Անվտանգ կենսագործունեություն և առողջ ապրելակերպ» ուղղություններում միավորային գնահատում այլևս չի կիրառվի։ Այն կփոխարինվի բնութագրիչներով։ Նախատեսվում է բնութագրիչներ մշակել նաև միջին դպրոցի բոլոր առարկաների համար՝ ծնողներին երեխայի առաջընթացի մասին պարբերական հետադարձ կապ տրամադրելու նպատակով։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակում նախատեսվում է վերափոխել հերթական ատեստավորման համակարգը։ Ներկայում բոլոր մոդուլներով մշակվում են էլեկտրոնային դասընթացներ, որոնք նախատեսվում է հասանելի դարձնել մինչև տարեվերջ։ Դրանք կներառեն տեսադասեր, ուսումնական նյութեր և ինքնաստուգման հարցեր։
Հետագայում վերապատրաստող կազմակերպությունները կիրականացնեն միայն գործնական հատվածը, իսկ տեսական մասը հասանելի կլինի էլեկտրոնային ձևաչափով։
Այս փոփոխությունը վերաբերում է հաջորդ տարվա հերթական ատեստավորմանը, իսկ այս տարվա գործընթացը կշարունակվի գործող ձևաչափով։
Կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։ Նպատակն է՝ խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։
Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։
Նոր մեխանիզմը, ըստ ներկայացված տեղեկատվության, այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։






























