Նորություններ
Շիրակի մարզպետը ընդունել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին
25.08.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն ու համատեղ աշխատանքին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Գյումրիում առկա խնդիրների արագ և հասցեական լուծման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացմանը։
Դավիթ Առուշանյանը կարևորել է համայնքի խնդիրների լուծման գործընթացում բոլոր կողմերի հետևողական ու համակարգված աշխատանքը։
«Գյումրու խնդիրներն ու հոգսերը ես ընկալում եմ որպես սեփականը և համոզված եմ, որ դրանց լուծումը պահանջում է համատեղ, հետևողական ու պատասխանատու աշխատանք։ Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ Կառավարությունը հստակ և հետևողական քայլեր է ձեռնարկում Գյումրու առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքի հոգսերը թեթևացնելու և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ։
Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակի պայմաններում մեր կարևորագույն խնդիրը համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացի անխափանությունն ապահովելն է։ Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ բնակիչների խնդիրները չմնան քաղաքական գործընթացների ստվերում։
Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նախաձեռնություն և յուրաքանչյուր գործնական ջանք կարևոր նշանակություն ունի տարիների ընթացքում կուտակված խնդիրներին լուծումներ տալու և քաղաքի բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու գործում։
Միայն արդյունավետ և կառուցողական համագործակցության, փոխադարձ վստահության և միասնական աշխատանքի միջոցով կարող ենք արձանագրել շոշափելի արդյունքներ և նպաստել մեր մարզկենտրոնի առաջընթացին»։
Ավագանու անդամները ևս կարևորել են նմանօրինակ քննարկումների և պարբերական հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ ուղիղ և արդյունավետ փոխգործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արագ արձագանքել համայնքի խնդիրներին և համատեղ լուծումներ գտնել։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը մարզային իշխանությունների հետ և լիազորությունների շրջանակում նպաստել Գյումրու առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։
Կողմերը պայմանավորվել են պահպանել ակտիվ հաղորդակցությունն ու համագործակցությունը՝ Գյումրու զարգացման և քաղաքի բնակիչներին հուզող խնդիրների հնարավորինս արագ ու արդյունավետ լուծման նպատակով։








