Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Ժյուլի Ֆորին
31.08.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Ժյուլի Ֆորին և դեսպանության համագործակցության, կրթության և մշակութային գործունեության հարցերով ներկայացուցիչ Դոմինիկ Վայսին։
Փոխդեսպանը մարզպետին է ներկայացրել Քանտան Բետտիոյին, ով առաջիկա ուսումնական տարում որպես կամավոր լինելու է Շիրակի մարզում։ Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո Գյումրիում բնակություն հաստատած Քանտան աշխատանքներ է տանելու՝ ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման նպատակով։
«Հայաստանն ու Ֆրանսիան դարերի բարեկամություն ունեն, վերջին տարիներին այդ բարեկամությունը տարբեր ուղղություններով առավել խորացել է, նոր հարթության վրա է դրվել։ Դրա ապացույցներից մեկն էլ նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցն էր Գյումրի։ Այցը մեր մարզի բնակչության համար իրական տոն դարձավ, ընդունելությունն ու մթնոլորտն առավել քան ջերմ էր ու անմիջական։ Այսօր մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, և մեզ համար կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի նաև մարզային մակարդակում՝ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով։ Ինչ վերաբերում է կամավորի առաջիկա գործունեությանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, պատրաստակամ է աջակցելու նրան և նպաստելու նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,– նշել է մարզպետը։
Ժյուլի Ֆորը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են համագործակցության ամրապնդման և նոր նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Փոխդեսպանը կարևորել է Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը և ֆրանսիական կողմի հետ համագործակցության շարունակական զարգացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակութային համագործակցությանը, մասնավորապես, Մինաս Ավետիսյանի հայրական տունը արվեստագետների կացարանի և ցուցահանդեսային տարածքի վերածելու ծրագրին, մայիսի 23-ից հոկտեմբերի 31-ը Շիրակի երկրագիտական թանգարանի վաղ բրոնզե դարաշրջանը ներկայացնող 87 անուն թանգարանային նմուշները Ֆրանսիայի Լյուսակ-լե- Շատո քաղաքի «Նախապատմության թանգարանում» ներկայացնելուն:






