Նորություններ
Նոր ուսումնական տարին Շիրակի մարզում՝ նորոգված և հիմնանորոգվող դպրոցներով
01.09.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մարզի մի շարք դպրոցներ, շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, ծանոթացել դպրոցաշինական ծրագրերի շրջանակում իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։
Մարզպետը պատասխանատուների ուղեկցությամբ նախ այցելել է Գյումրու թիվ 9 դպրոց։ Դպրոցը վերանորոգվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմել է 183 մլն 700 հազար դրամ։ Նորոգված դպրոցը, որն ապահովված է անհրաժեշտ բոլոր հարմարություններով և նոր գույքով, այս ուսումնական տարում ընդունել է 34 առաջին դասարանցու։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ առանձնահատուկ ընդգծելով առաջին դասարանցիների համար այս օրվա կարևորությունը։
«Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, որոնց համար այսօր բացվում է կյանքի մի նոր ու կարևոր էջ։ Դպրոցը միայն գիտելիք ստանալու վայր չէ, այստեղ է ձևավորվում մեր երկրի ապագա քաղաքացին, այստեղ են դրվում նրա աշխարհայացքի, արժեքների և պատասխանատվության հիմքերը։ Կրթված ու գիտելիքահեն հասարակությունն է մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի կարևորագույն նախապայմանը։ Մաղթում եմ, որ այս նոր ու հարմարավետ պայմանները նպաստեն մեր երեխաների լիարժեք զարգացմանը, նոր գիտելիքներ ձեռք բերելուն և իրենց կարողությունները լավագույնս իրացնելուն»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև մարզպետն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է «Այգաբացի միջնակարգ դպրոց», որը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ 168 մլն 889 հազար դրամի շրջանակներում։ Նոր ուսումնական տարվանից այն աշակերտներին դիմավորել է ամբողջությամբ նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով։
«Անչափ ոգևորիչ է, որ այս սեպտեմբերի 1-ին նորոգված ու հիմնանորոգված դպրոցների թիվը մի քանի տասնյակով ավելացել է, և մեր դպրոցականները նոր ուսումնական տարին սկսում են բոլորովին նոր, անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից պայմաններում։ Կառավարության դպրոցաշինական ծրագրերի կարևորությունն այս առումով դժվար է գերագնահատել․ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն շենքերի ու ենթակառուցվածքների, այլ առաջին հերթին՝ մեր երեխաների կրթության և երկրի ապագայի մեջ։ Մարզպետի աշխատակազմն ուսումնասիրել է Շիրակի մարզի բոլոր դպրոցների վիճակը, գնահատել առկա խնդիրներն ու առաջնահերթությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքներով դպրոցների վերանորոգումն ու նորերի կառուցումը կիրականացվի փուլային՝ ըստ սահմանված հերթականության և առաջնահերթությունների։ Մեր խնդիրն է հետևողականորեն բարելավել կրթական միջավայրը մարզի բոլոր բնակավայրերում, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա սովորելու անվտանգ, ժամանակակից և արժանապատիվ պայմաններում։ Սա երկարաժամկետ աշխատանք է, և մենք այն շարունակելու ենք հետևողականորեն»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Այնուհետև մարզային պատասխանատուները եղել են Գյումրու թիվ 18 դպրոցում։ Ուսումնական հաստատությունում վերանորոգման աշխատանքները մեկնարկել են օրերս, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվել է Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։
Մարզպետը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ և հետաքրքրվել աշխատանքների կազմակերպման, ընթացքի, նախատեսված ժամկետների ու առաջիկա անելիքների մասին։
Դավիթ Առուշյանը կարևորել է շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու վերահսկողությունը՝ ընդգծելով, որ դպրոցների հիմնանորոգման դեպքում առաջնային նշանակություն ունեն կատարվող աշխատանքների որակը, անվտանգության և շինարարական նորմերի պահպանումը, ինչպես նաև սահմանված ժամկետների ապահովումը։
Մարզպետը նշել է, որ դպրոցաշինական ծրագրերի արդյունքում ստեղծվող կրթական միջավայրը պետք է լինի ոչ միայն ժամանակակից ու հարմարավետ, այլև երկարաժամկետ ու դիմացկուն։ Նա պատասխանատուներին հանձնարարել է շարունակաբար հետևել շինարարության ընթացքին, վերահսկել աշխատանքների որակը, պահպանել նախագծային լուծումները և առաջացող խնդիրներին տալ օպերատիվ լուծումներ՝ բացառելով ժամկետների կամ որակի անհարկի խախտումները։
Նշենք, որ 2026-ին Շիրակի մարզում առաջին դասարան նախնական տվյալներով հաճախել է 2636 առաջին դասարանցի, աշակերտների թիվը 31436 է։
































