Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել «Ալֆա Ֆարմ» ընկերության հիմնադրման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

14.09.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին ներկա է գտնվել «Ալֆա Ֆարմ» ընկերության հիմնադրման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մարզպետը ողջունել է ներկաներին, ընկերության հիմնադիրներին ու կարևորել ընկերության գործունեությունն ու ներդրումը ոլորտի զարգացման գործում։
«30 տարին ցանկացած ընկերության համար կարևոր ճանապարհ է։ Բայց հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ այդ ճանապարհը անցնում է առողջապահության նման պատասխանատու ոլորտում, որտեղ աշխատանքի արդյունքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց առողջության, կյանքի որակի և վստահության վրա ունեցած ազդեցությամբ։ «Ալֆա Ֆարմի» պատմությունը հենց այդպիսի ճանապարհի պատմություն է։ Եվ ինձ համար առանձնահատուկ է այն փաստը, որ այդ ճանապարհի առաջին քայլերը սկսվել են Շիրակի մարզից՝ Գյումրուց։
Այսօր, երբ ընկերությունը ներկայություն ունի հանրապետության տարբեր հատվածներում և դարձել է Հայաստանի դեղագործական ոլորտի կարևոր դերակատարներից մեկը, հաճելի է գիտակցել, որ այս հաջողության պատմության առաջին էջերը գրվել են հենց մեր մարզում։
Շիրակի համար սա նաև մի կարևոր ուղերձ է․ մարզերից կարող են ծնվել գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ կարող են հասնել հանրապետական մակարդակի և դառնալ ամբողջ երկրի համար նշանակություն ունեցող հաջողության պատմություններ։
Այսօրվա միջոցառման կարգախոսը՝ «Առաջնորդության, նորարարության և հոգատարության 30 տարի», կարծում եմ, շատ ճշգրիտ է բնութագրում անցած ճանապարհը։
Առաջնորդությունը միայն առաջինը լինելը չէ։ Առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելն է, զարգացման ուղղությունը տեսնելն ու այդ ուղղությամբ առաջ շարժվելը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհը հեշտ չէ։
Նորարարությունը ևս միայն նոր տեխնոլոգիա կամ նոր լուծում ներդնելը չէ։ Նորարարությունը մտածողության մշակույթ է՝ մշտապես հարց տալու, թե ինչ կարելի է անել ավելի լավ, ավելի արդյունավետ և, ամենակարևորը, մարդու համար ավելի օգտակար ձևով։ Իսկ այս երկուսի հիմքում պետք է լինի հոգատարությունը։ Առողջապահության ոլորտում դա հատկապես կարևոր է, որովհետև այստեղ յուրաքանչյուր որոշման մեջ կա հոգացավություն ու հոգատար վերաբերմունք»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
«Ալֆա Ֆարմ» ընկերության հիմնադրման 30-ամյա հոբելյանի առթիվ Շիրակի մարզպետը ընկերության հիմնադիրներին պատվոգիր է հանձնել՝ դեղագործության բնագավառի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բազմամյա արդյունավետ գործունեության, բարձր պատասխանատվության և առողջապահության ոլորտում մատուցած ծառայությունների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 13:47:41