Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
15.09.2026
«Գյումրին Ձեր մարզային առաջին այցի համար խորհրդանշական և կարևոր ընտրություն է». Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Շիրակի մարզի զարգացման հեռանկարները, հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և մարզի տնտեսական ու ներդրումային ներուժը։
Շիրակի մարզպետը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք Հայաստանում։
Դավիթ Առուշանյանը դեսպանին ներկայացրել է Շիրակի մարզը, մարզի առանձնահատկությունները, տնտեսական ներուժն ու մարզկենտրոն Գյումրին՝ անդրադառնալով քաղաքի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ճարտարապետական դիմագծին, ավանդույթներին և այն յուրահատուկ մթնոլորտին, որով Գյումրին տարբերվում է Հայաստանի մյուս քաղաքներից։
«Գիտեմ, որ սա Ձեր առաջին այցն է Գյումրի, բայց վստահ եմ՝ շատ կհավանեք մեր քաղաքը։ Կարծում եմ՝ շատ ճիշտ եք արել, որ Ձեր մարզային առաջին այցի համար ընտրել եք հենց Գյումրին։ Գյումրին պատմությամբ, մշակույթով, ճարտարապետությամբ, հումորով ու մարդկանց յուրահատուկ վերաբերմունքով այն քաղաքն է, որը մեկ անգամ այցելելուց հետո իր տեղն է ունենում մարդու սրտում։ Վստահ եմ՝ Գյումրին նաև Ձեր սրտում առանձնահատուկ տեղ կունենա»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել մարզպետին առանձնահատուկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Գյումրի այցը պատահական ընտրություն չէ։
«Շնորհակալ եմ այս առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի համար։ Ես պատահաբար չեմ ընտրել իմ առաջին մարզային այցի համար Գյումրին։ Չնայած քաղաքում ընդամենը մի քանի րոպե եմ, սակայն արդեն հասցրել եմ այն հավանել։ Գյումրին այն քաղաքն է, որտեղ հստակ կան ինքնություն, պատմություն և յուրահատուկ ոգի, իսկ հայ-ֆրանսիական բարեկամության ամուր հիմքերի ու անցած ճանապարհի մասին Գյումրիում շատ բան է վկայում»,- ասել է Ֆլորիան Էսկյուդիեն։
Հանդիպման ընթացքում մարզպետն ու դեսպանն անդրադարձել են նաև Շիրակի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող «չոր նավահանգստի» ծրագրին և դրա իրականացման հեռանկարներին։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ Շիրակը լոգիստիկ առումով գտնվում է շահեկան դիրքում՝ ունենալով տարածաշրջանային և միջազգային կապերի զարգացման համար անհրաժեշտ առանցքային ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, մարզպետն ընդգծել է, որ մարզում առկա են «Շիրակ» միջազգային օդանավակայանը, երկաթուղային ենթակառուցվածքը, ճանապարհային հաղորդակցության կարևոր հանգույցներ և այլ օբյեկտներ, որոնք կարող են նպաստել մարզի՝ որպես լոգիստիկ և տնտեսական կենտրոնի զարգացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցին։
«Գյումրեցիները նախագահ Մակրոնին ոչ թե պարզապես անմիջականությամբ, այլ կրկնակի ու եռակի ջերմությամբ ընդունեցին։ Նրա այցի ընթացքում պաշտոնական մթնոլորտը շատ արագ փոխվեց մարդկային ու ջերմ հանդիպման։ Դա Գյումրու առանձնահատկություններից է․ այստեղ հյուրին ընդունում են ոչ միայն որպես պաշտոնյայի, այլ առաջին հերթին՝ որպես մարդու, և փորձում են ցույց տալ քաղաքի իրական դեմքը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Հողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շրջանակում մարզային համագործակցության հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական, մշակութային, կրթական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպումն առանձնացել է փոխադարձ ջերմությամբ և համագործակցության պատրաստակամությամբ՝ հիմք ստեղծելով Շիրակի մարզի և Ֆրանսիայի գործընկեր կառույցների միջև նոր նախաձեռնությունների ու կապերի ձևավորման համար։














