Նորություններ
«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գյումրիում
15.09.2026
«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գյումրիում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է «Այբ» կրթական և «Կերոն» զարգացման հիմնադրամների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, ծրագրի նպատակներն ու նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները։
«Կրթության բնագավառում իրականացվող յուրաքանչյուր քայլ կարևոր է, երբ այն ուղղված է մեր երեխաների գիտելիքների, հմտությունների և նախաձեռնողականության զարգացմանը։ Այս ծրագիրը հատկապես կարևորում ենք այն առումով, որ այն աշակերտներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև սեփական համայնքի խնդիրները տեսնել, ուսումնասիրել և դրանց համար գործնական լուծումներ առաջարկել։ Գյումրիում ծրագրի իրականացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր ավագ դասարանների աշակերտների համար՝ զարգացնելու նրանց ստեղծագործական ու թիմային աշխատանքի կարողությունները և ներգրավելու համայնքի զարգացման գործընթացներում։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը և անհրաժեշտ համագործակցության ձևավորմանը»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հանդիպման ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի և «Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները խոսել են Գյումրիում ծրագրի իրականացմանն առնչվող մանրամասների վերաբերյալ, անդրադարձել աշակերտների ներգրավմանն ու նախագծային թիմերի ձևավորման սկզբունքներին, ինչպես նաև մենթորական աջակցության և նախագծերի հետագա զարգացման հնարավորություններին։










