Նորություններ
Շիրակը՝ մեկ տոնական հրապարակում՝ համայնքներով, ավանդույթներով ու ձեռքբերումներով
20.09.2026
Շիրակը՝ մեկ տոնական հրապարակում՝ համայնքներով, ավանդույթներով ու ձեռքբերումներով, համայնքներն էլ իրենց գույներով ու համերով ներկայացրեցին մարզը Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Գյումրիում առանձնահատուկ տոնական տրամադրություն էր․ մեկ հարթակում ներկայացված էին Շիրակի մարզի բոլոր համայնքները, թանգարաններն ու մշակութային կազմակերպությունները։
Յուրաքանչյուր համայնք իր տաղավարում ներկայացրել էր իրեն բնորոշ կոլորիտը՝ կտավներ, ձեռքի աշխատանքներ, ավանդական ուտեստներ, տեղական արտադրանք, հուշանվերներ և այն ամենը, ինչ ձևավորում է տվյալ համայնքի ինքնատիպ դիմագիծը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է բոլոր տաղավարներով, զրուցել համայնքների ներկայացուցիչների ու բնակիչների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, համտեսել ավանդական ուտեստները և անմիջական շփման միջոցով ևս մեկ անգամ տեսել այն աշխատանքն ու ներուժը, որն այսօր կա Շիրակի համայնքներում։
«35 տարի առաջ հանրաքվեին մասնակցած մեր ծնողներն ու տատիկ-պապիկները առանձնահատուկ էմոցիաներ են ունեցել։ Գուցե 35 տարին կարճ ժամանակ է հանրապետության համար, բայց անկախությունը մեզ համար միայն պատմությամբ փոխանցված արժեք չէ․ այն նաև մեր անդուլ ջանքերի արդյունքն է։ Անկախությունը ինքնիշխանության, պետության հարատևության և ՀՀ քաղաքացու՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի մասին է։ Մեր 35 տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ հենց ինքնիշխանությունը, որը մեզ համար անսակարկելի արժեք է։ Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև խաղաղությունը, որն ունի կենսական նշանակություն։ Պետության զարգացման, կայունության և ապագայի համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է։
Այսօր Շիրակի բոլոր համայնքներն են այստեղ՝ իրենց մարդկանցով, ավանդույթներով, աշխատանքով ու ձեռքբերումներով։ Յուրաքանչյուր տաղավար մի փոքրիկ պատմություն է մեր մարզի մասին, իսկ բոլորը միասին՝ Շիրակի ամբողջական պատկերը։ Մենք ունենք տարբեր համայնքներ, տարբեր առանձնահատկություններ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ ունենալ զարգացող, ուժեղ և հնարավորություններով լի Շիրակ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Դավիթ Առուշանյանը։
Տոնական միջոցառման երաժշտական ծրագրում ելույթներով հանդես են եկել «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը», «Անի փողային նվագախումբը», «Հրայրք» պարի խումբը։






































