Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.09.2026

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ շիրակցիներ, գյումրեցիներ,

Այսօր մենք նշում ենք ոչ միայն մեր պետական տոնը, այլև այն օրը, երբ հայ ժողովուրդը սեփական կամքով ընտրեց իր պետության ճանապարհը։

35 տարի առաջ մեր ժողովուրդը քվեարկեց անկախ Հայաստանի օգտին։ Այդ «այո»-ն միայն պատմական իրադարձություն չէր։ Այն մեր հավաքական պատասխանն էր այն հարցին, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ, ինչպիսի պետություն ենք ուզում թողնել մեր երեխաներին և ինչպիսի ապագա ենք ուզում կառուցել։

Անկախությունը միայն դրոշը, զինանշանն ու պետական սահմանը չեն։
Անկախությունը նաև մեր ինքնիշխանությունն է՝ մեր երկրի ներկան ու ապագան ինքնուրույն որոշելու իրավունքն ու պատասխանատվությունը։
Անկախությունը ամենօրյա աշխատանք է։ Այն պետություն կառուցելու կարողությունն է, սեփական որոշումների համար պատասխանատվությունը, խաղաղությունը պահպանելու և ամրապնդելու կամքը, սեփական ուժերով առաջ գնալու պատրաստակամությունը։

Այսօր մենք, առավել քան երբևէ, ավելի հստակ ենք հասկանում մի բան` պետությունը մեզանից յուրաքանչյուրի տունն է։ Եվ որքան ամուր է այդ տունը, որքան ամուր են նրա հիմքերը, այնքան վստահ կարող ենք նայել ապագային։

Իսկ պետության ամրությունը չափվում է ոչ միայն թվերով ու ցուցանիշներով։ Այն չափվում է նաև նրանով, թե ինչ պայմաններում է ապրում մեր երեխան, ինչ դպրոց է հաճախում, ինչ մանկապարտեզ է գնում, ինչ ճանապարհով է հասնում իր տուն, ինչ հնարավորություններ ունի իր համայնքում և որքան վստահ է իր վաղվա օրվա նկատմամբ։

Հենց այդ պատճառով այսօր ուզում եմ առանձնահատուկ խոսել Շիրակի մասին։
Շիրակում այս պահին իրականացվում է շուրջ 63,5 միլիարդ դրամի շինարարություն։ Սա միայն շինարարական աշխատանքների ծավալ չէ։ Սա մեր մարզի ապագայի մեջ կատարվող ներդրում է։


Մեր մարզում ընթանում է լայնածավալ դպրոցաշինություն, կառուցվում և վերանորոգվում են դպրոցներ ու մանկապարտեզներ։

Թվերով ասած` 17 դպրոց՝ ընդհանուր 27 մլրդ 41 մլն 349 հազար դրամ։

9 մանկապարտեզ - 3 մլրդ 849 մլն դրամ։

Առողջապահական հաստատությունների կառուցման 6 ծրագիր- 6 մլրդ 257 մլն դրամ։

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը- 6 մլրդ 797 մլն դրամ։

Ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են համայնքների պայմանները` սուբվենցիոն 39 ծրագիր՝ 15,7 մլրդ դրամ արժեքով։

Իրականացվում է 60 կմ-ից ավելի ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում՝ ընդհանուր 14,3 մլրդ դրամ գումարի շրջանակներում։

Մենք այսօր կառուցում ենք ոչ միայն շենքեր։ Մենք կառուցում ենք այն միջավայրը, որտեղ վաղվա Հայաստանի քաղաքացին պետք է սովորի, աշխատի, ստեղծագործի և ապագան կապի իր հայրենիքի հետ։

Ինքնիշխանությունը ամրապնդվում է նաև այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք սեփական ուժերով զարգացնել մեր երկիրը և ստեղծել արժանապատիվ կյանքի պայմաններ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Եվ սա, կարծում եմ, Անկախության ամենակարևոր խորհուրդներից մեկն է՝ ապագան պարզապես սպասելու բան չէ։

Ապագան մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն է։

Շիրակը միշտ եղել է աշխատող, ստեղծող, դժվարությունները հաղթահարող մարդկանց մարզ։

Գյումրին ու Շիրակի մյուս համայնքները բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ ամենածանր պայմաններում կարող են վեր բարձրանալ, փյունիկի նման վեր հառնել մոխիրներից, առաջ գնալ և նոր հնարավորություններ ստեղծել։

Այսօր մեր խնդիրն է այդ ոգին վերածել զարգացման նոր հնարավորությունների։

Մեզ պետք է ուժեղ պետություն՝ ուժեղ համայնքներով, զարգացող տնտեսությամբ, որակյալ կրթությամբ, ժամանակակից ենթակառուցվածքներով և խաղաղ միջավայրով։

Պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել ոչ միայն մեր պատմությունը, այլև ավելի լավ երկիր, ավելի լավ Շիրակ, ավելի լավ Գյումրի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր այստեղ՝ Գյումրիում, մենք միասին նշում ենք Հայաստանի անկախության 35-ամյակը։

Թող այս տոնական օրը մեզ համար լինի ոչ միայն ուրախանալու, այլև մեր պատասխանատվությունը նորից գիտակցելու առիթ։

Հիշենք նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի, հանուն մեր ազատության և պետականության։

Եվ մեր հարգանքի տուրքը նրանց հիշատակին թող լինի ապրող, զարգացող, խաղաղ և ուժեղ Հայաստանը։

Հայաստան, որի ապագան մենք կառուցում ենք այստեղ և հիմա՝ մեր քաղաքներում ու գյուղերում, մեր դպրոցներում ու ընտանիքներում, մեր աշխատանքի ու նվիրումի միջոցով։

Թող մեր երեխաների Հայաստանը լինի ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ և ավելի հնարավորություններով լի։

Թող Շիրակ աշխարհը շարունակի իր կարևոր տեղն ունենալ այդ Հայաստանի կառուցման ճանապարհին։

Շնորհավոր Անկախության օրը։


Փա՛ռք մեր նահատակների հիշատակին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ հայ ժողովուրդը։ 

ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-25 12:14:35