Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցի» աշակերտներին

29.09.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցի» աշակերտներին, ովքեր դպրոցի տնօրենի և մանկավարժների ուղեկցությամբ այցելել են մարզպետի աշխատակազմ՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Շիրակի մարզի դեղաբույսերի աշխարհը և բնական դեղատան գաղտնիքները» կրթական-էկոլոգիական հետազոտական ծրագրի շրջանակում։
Աշակերտներն ու մանկավարժները ներկայացրել են ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Նրանք պատմել են, որ Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա և Ախուրյան համայնքներում իրականացված դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրել են տարածքում աճող դեղաբույսերը, դրանց առանձնահատկություններն ու նշանակությունը։
Հետազոտության արդյունքում աշակերտներն առանձնացրել են մի շարք արժեքավոր և հազվագյուտ դեղաբույսեր, որոնցից որոշները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում կամ գտնվում են անհետացման վտանգի առաջ։
 Ողջունելով աշակերտների նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը՝ Դավիթ Առուշանյանը նշել է․ «Շատ ուրախ եմ, որ դուք ուսումնասիրում եք մեր մարզի բնությունն ու դեղաբույսերը, բացահայտում դրանց կարևոր հատկությունները և մտածում դրանց պահպանության մասին։ Բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել ու գնահատել այն։ Ուրախալի է տեսնել, որ դուք արդեն այս տարիքում հետաքրքրվում եք տարբեր ոլորտներով, ուսումնասիրում, հարցեր տալիս և փորձում նոր բաներ բացահայտել։ Անկախ նրանից, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրեք, ամենակարևորը լավ մարդ և լավ քաղաքացի լինելն է։ Իսկ ինչ մասնագետ էլ դառնաք, կարևոր է, որ ձեր գործում լինեք լավագույնը, սիրեք այն, ինչ անում եք, և պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր աշխատանքին ու շրջապատին»։
Աշակերտները Դավիթ Առուշանյանին նվիրել են իրենց կողմից առանձնացված դեղաբույսերով պատրաստված նկարներ։ Յուրաքանչյուր աշխատանքում ներկայացված է եղել Աշոցք, Ամասիա կամ Ախուրյան համայնքներում դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրված դեղաբույսերը՝ կարևոր հատկություններով և նշանակությամբ։
 Մարզպետը պատասխանել է աշակերտների հարցերին, զրուցել նրանց հետ ծրագրի, մասնագիտական կողմնորոշման ու բնության պահպանության կարևորության մասին՝ ընդգծելով կրթված, նախաձեռնող և պատասխանատու սերնդի դերը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-01 17:42:32