Նորություններ
Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը շարունակվում է
30.09.2026
Ժամանակակից բուժհաստատություն՝ պատմական շենքում․ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը շարունակվում է, ընթացքի մեջ են նաև Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի և Արթիկի բժշկական կենտրոնի շինշխատանքները
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Առողջապահության նախարարության Առողջապահական ԾԻԳ տնօրեն Արսեն Բաբայանի, մարզպետի աշխատակազմի և կոմիտեի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենք՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքների ընթացքին առնչվող հարցերը, ներկայացվել է շենքի հիմնանորոգման սխեման՝ նախատեսված քայլերի և դրանց հերթականության համատեքստում։ Այս փուլում հիմնական աշխատանքներն իրականացվում են քանդման և ամրացման ուղղություններով, իրականացվում են նաև բետոնային աշխատանքներ։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ շենքը Գյումրու պատմական և ճարտարապետական միջավայրի կարևոր մասն է, ուստի հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրա պատմական դիմագծի պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով շենքի ամրությունը, անվտանգությունն ու ժամանակակից առողջապահական պահանջներին համապատասխան պայմանները։
«Այս շենքը միայն առողջապահական հաստատություն չէ․ այն Գյումրու պատմության մի մասն է, հիմնանորոգման ընթացքում մեր կարևորագույն խնդիրներից մեկն է պահպանել այն առանձնահատկությունները, որոնք ձևավորում են շենքի պատմական դիմագիծը։ Միևնույն ժամանակ պետք է ապահովենք ժամանակակից, անվտանգ և լիարժեք առողջապահական միջավայր՝ առանց որևէ կերպ վտանգելու շենքի ամրությունն ու հուսալիությունը։ Կարևոր է, որ այս երկու նպատակները համատեղվեն և արդյունքում Գյումրին ունենա և՛ իր պատմական արժեքը պահպանած, և՛ ժամանակակից պահանջներին համապատասխան բուժհաստատություն»,- նշել է մարզպետը։
Մարզպետի ներկայացրած դիտարկումները քննարկվել են նախագծողի, տեխնիկական վերահսկողի և դիզայների հետ։ 1936 թվականին կառուցված շենքը տասնամյակներ շարունակ Գյումրու առողջապահական կյանքի կարևոր մասն է եղել։ Հիմնանորոգման շրջանակում նախատեսվում են շենքի ամրացման, վերականգնման և ներքին հարդարման աշխատանքներ։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեում անցկացնել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում նախատեսվում է պարզաբանել առաջացած հարցերը և համաձայնեցնել հետագա քայլերը՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և որևէ հանգամանքով շինարարական գործընթացը չխոչընդոտելու նպատակով։
Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։ Հիմնանորոգման ընթացքում պոլիկլինիկան ժամանակավորապես գործում է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։ Այդ տարածքի վերանորոգման համար պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 110 միլիոն դրամ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզահամալիրի կառուցմանը պետական բյուջեից հատկացվել է 6 մլրդ 797 մլն դրամ։
Դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինարարությունը, կենտրոնում նախատեսվում է մեկտեղել մատուցվող բժշկական ծառայությունները և ստեղծել համապատասխան պայմաններ՝ նոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցված բուժհաստատության համար։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։ Բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 3 մլրդ դրամ։


























