Նորություններ
«Մարզական-մշակութային մրցույթը» երկորդ անգամ հավաքել է մարզի դպրոցների ներկայացուցիչներին
03.10.2026
Երբ ուսուցիչը դառնում է մրցակից, թիմակից ու երկրպագու․ Շիրակում 9 դպրոց միավորվել է սպորտի շուրջ
90 մասնակից, 9 դպրոց, հինգ մրցաձև ու վերջում՝ հայկական շուրջպար․ Շիրակի մարզում ուսուցիչների համար նախատեսված «Մարզական-մշակութային մրցույթը» երկորդ անգամ հավաքել է մարզի դպրոցների ներկայացուցիչներին՝ սպորտային պայքարը վերածելով միասնականության ու տոնական տրամադրության օրվա։
Գրատախտակների ու դասամատյանների փոխարեն՝ մարզական դաշտ, իսկ սովորական աշխատանքային օրվա փոխարեն՝ մրցակցություն, թիմային ոգի ու բարձր տրամադրություն։
Միջոցառումը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը` Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ կազմակերպում է արդեն երկրորդ տարին՝ նպատակ ունենալով մանկավարժական աշխատողների շրջանում խթանել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև սպորտը դարձնել դպրոցական համայնքի առօրյայի ավելի տեսանելի մասը։
Մրցույթի մեկնարկին մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կարճ ժամանակում գաղափարից վերածվել է սպասված ավանդույթի։
«Ուրախ եմ տեսնել այսքան մեծ մասնակցություն ու ոգևորություն։ Այս նախաձեռնությունն արդեն երկրորդ տարին է մեզ մեկտեղում և, ամենակարևորը, ցույց է տալիս, որ լավ գաղափարը կարող է վերածվել գեղեցիկ ավանդույթի։ Սկզբում այն գաղափար էր, հետո դարձավ մրցույթ, իսկ այսօր արդեն տոնախմբություն է, որը միավորում է մեր դպրոցական համայնքներին։ Սպորտի ու առողջ ապրելակերպի խթանումից բացի՝ այս օրը նաև միասին լինելու, թիմով աշխատելու և միմյանց աջակցելու մասին է։ Բարձր եմ գնահատում դպրոցների ակտիվ մասնակցությունն ու սպորտի նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքը։ Կարծում եմ` մենք կկարողանանք ավանդույթի ուժ ստացած մարզական այս միջեցառման սահմաններն ընդլայնել ու դարձնել հանրապետական»,- նշել է մարզպետը։
Այս տարվա մրցույթում իրենց ուժերը չափել են Գյումրու թիվ 11, 20, 23 և 27 դպրոցների, ինչպես նաև Ոսկեհասկի, Ջրառատի, Քեթիի, Բավրայի և Թորոսգյուղի դպրոցների թիմերը։
Մասնակիցներն ուժերը փորձել են հինգ տարբեր մրցաձևերում՝ խաղային փոխանցումավազք, գնդակներով փոխանցումավազք, թիմի նշանառու ավագ, «Օլիմպիական հաղթանակ» փոխանցումավազք և մշակութային համար՝ հայկական ժողովրդական ու ազգագրական պար։
Մարզական միջոցառումը, որը սկսվել է փոխանցումավազքով, ավարտվել է հայկական ազգային շուրջպարով։
Առաջին տեղը գրավել է Գյումրու թիվ 11 դպրոցը, երկրորդ տեղը՝ Ջրառատի և երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցը։






































