Նորություններ
Գույների ու երևակայության ցուցահանդեսը Շիրակի մարզպետի աշխատակազմում
05.10.2026
Գույների ու երևակայության ցուցահանդեսը Շիրակի մարզպետի աշխատակազմում
Երբ երեխաների ձեռքերում թելերը դառնում են գույն, գույնը՝ պատկեր, իսկ պատկերը՝ պատմություն, արվեստը կարողանում է խոսել առանց բառերի․ մարզպետի աշխատակազմում բացվել է Ազատանի մարզամշակութային կենտրոնի սաների գոբելեն աշխատանքների ցուցահանդեսը՝ վառ գույներով, հետաքրքիր լուծումներով ու ամենակարևորը՝ երեխաների երևակայությամբ։
Ցուցահանդեսը միայն աշխատանքների ցուցադրություն չի եղել, այլ փոքրիկ ճամփորդություն արվեստի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր գույն ունի իր տրամադրությունը, իսկ յուրաքանչյուր թել՝ իր պատմությունը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է աշխատանքների հեղինակներին։ Ազատանցի սաներից յուրաքանչյուրը ներկայացրել է աշխատանքը՝ պատմելով, թե ինչպես է ծնվել գաղափարը, ինչ գույներ է ընտրել և ինչ ճանապարհ է անցել ստեղծագործական մտքից մինչև պատրաստի գոբելեն։
Երեխաների ձեռքերով գոբելենի են վերածվել հայ մեծերի ստեղծագործությունները․ սաները ներկայացրել են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և Արշիլ Գորկու աշխատանքների իրենց մեկնաբանությունները։
«Ինձ հատկապես տպավորեց այն, թե ինչպես կարելի է պարզապես թելերով այսքան խոսուն դարձնել գույնը, ստանալ լույս ու ստվեր, փոխանցել նկարի տրամադրությունն ու նույնիսկ՝ նրա շունչը։ Գոբելենը, կարծես, այն արվեստն է, որտեղ համբերությունն ու երևակայությունը միասին են հյուսվում, իսկ վերջում ստացվում է մի ամբողջ պատմություն։ Շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ աշխատանքները կարող ենք ներկայացնել նաև մարզպետի աշխատակազմ այցելող մեր հյուրերին։ Նրանք այստեղ մտնելիս ոչ միայն կտեսնեն երեխաների ստեղծած գեղեցիկ աշխատանքները, այլև կծանոթանան մեր մարզում ապրող ու ստեղծագործող տաղանդավոր երեխաների հետ»,- նշել է մարզպետը։
Ցուցահանդեսի դիտումից հետո հանդիպումը շարունակվել է ավելի անմիջական միջավայրում։ Դավիթ Առուշանյանը ազատանցի երեխաներին ցույց է տվել իր աշխատասենյակը, պատմել մարզպետի առօրյայի, մարզի կառավարման և ամենօրյա աշխատանքի մասին։ Երեխաները հետաքրքրությամբ ծանոթացել են նաև մարզպետի ստացած մրցանակներին ու պատվոգրերին՝ լսել, թե ինչ է կատարվում այն աշխատասենյակի դռների հետևում, որտեղ ամեն օր լուծվում են մարզի տարբեր խնդիրներ։
Ազատանի մարզամշակութային դպրոցի սաներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, անմիջական շփման և իրենց աշխատանքները մարզպետի աշխատակազմի հարկի տակ ներկայացնելու հնարավորության համար։




















