Նորություններ
Շիրակի մարզում մեկնարկել են դպրոցականների սպարտակիադայի մարզային փուլի մրցումները
09.10.2026
Շիրակի մարզում մեկնարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2026 թվականին իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված մարզային փուլի մրցումները։
Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված են հինգ մարզաձևեր՝ բազկամարտ, հնգամարտ, հրաձգություն, շախմատ և ֆուտզալ։ Մարզային փուլին մասնակցում են համայնքային փուլերում հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։
Մարզային փուլի առաջին մրցումները կայացել են ֆուտզալ մարզաձևից։ Մրցապայքարին մասնակցել են համայնքային փուլերում հաղթող ճանաչված «Ֆոտոն» վարժարանի, «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի», ինչպես նաև Սառնաղբյուրի, Մայիսյանի, Աշոցքի և Մեղրաշատի միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկօրյա լարված և համառ պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի» թիմը, որն իրավունք է ստացել Շիրակի մարզը ներկայացնելու նոյեմբերի 23-25-ը Երևանում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցաշարում։
Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ֆոտոն» վարժարանի և «Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի» թիմերը։













