Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մասնակցել է «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ճամբարի պանելային քննարկմանը
10.10.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Սառնաղբյուրի «ԶԱՐԿ» էկոճամբարային տարածքում մասնակցել է «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» եռօրյա միջհամայնքային ճամբարի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։
Արթիկ և Անի համայնքների շուրջ 75 երիտասարդների և կանանց մասնակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային զարգացման առաջնահերթությունները, բնակիչների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացմանը և մասնակցային բյուջետավորման հնարավորությունները։
Դավիթ Առուշանյանը պատասխանել է երիտասարդնեիին հետաքրքրող հարցերին, ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց, քննարկվել են հետաքրքրող բոլոր խնդիրներն ու դրանց լուծմանն առնչվող ծրագրերն ու տեսլականը։
Մարզպետի խոսքով՝ համայնքի զարգացումը միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը չէ․ այն պահանջում է նաև բնակիչների ակտիվ մասնակցություն, նախաձեռնողականություն և համագործակցություն։
«Համայնքի զարգացման հիմքում պետք է լինի բնակիչների ձայնը։ Հատկապես կարևոր է, որ երիտասարդները ոչ միայն բարձրաձայնեն իրենց համայնքների խնդիրները, այլև մասնակցեն դրանց լուծումների մշակմանն ու իրականացմանը։ Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր նախաձեռնություն կլսվի, կքննարկվի և իրատեսական լինելու դեպքում կստանա համապատասխան աջակցություն։ Համայնքի ապագան ձևավորվում է բոլորիս մասնակցությամբ»,- նշել է մարզպետը։
«ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրն իրականացվում է «Արագած Հովիտ ՏԱԽ» ՏԶՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում Արթիկ և Անի համայնքների մի շարք բնակավայրերում ձևավորվում են համայնքային կենտրոններ, խթանվում բնակիչների մասնակցությունը և զարգացվում համայնքային նախաձեռնությունների իրականացման հմտությունները։
Հանդիպման ավարտին մարզպետը հետևել է նաև Սառնաղբյուրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին` կարևորելով դրանց ժամկետների մեջ և որակով իրականացումը։










