Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքում հանդիսավորությամբ նշվել է համայնքի օրը՝ «Իմ Ախուրյան» խորագրով։

13.10.2026

Այսօր Ախուրյան համայնքում հանդիսավորությամբ նշվել է համայնքի օրը՝ «Իմ Ախուրյան» խորագրով։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալները, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և համայնքի բնակիչներ։
Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։
Այնուհետև ներկաները շրջել են համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի և ազգային խոհանոցի ավանդույթներին, դիտել ցուցահանդեսը, ունկնդրել ազգային երաժշտություն և վայելել ազգային պարերի կատարումները։
Համայնքի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է Ախուրյանի բնակիչներին՝ ընդգծելով համայնքի զարգացման, ազգային արժեքների պահպանման և համատեղ աշխատանքի կարևորությունը։
«Շնորհավորում եմ բոլորիս Ախուրյան համայնքի օրվա առթիվ։
Ախուրյանը մեր մարզի կարևոր համայնքներից է, որի ուժը ոչ միայն հարուստ պատմության ու ավանդույթների, այլև իր աշխատասեր մարդկանց, հայրենի հողի հանդեպ սիրո և վաղվա օրվա նկատմամբ հավատքի մեջ է։
Վերջին տարիներին Ախուրյանը հետևողականորեն փոխում է իր դիմագիծը։ Կառուցվում ու բարեկարգվում են դպրոցներ և մանկապարտեզներ, նորոգվում են ճանապարհներ, բարելավվում ենթակառուցվածքները, վերափոխվում հանրային տարածքները։
Այս ամենը պարզապես շինարարական ծրագրեր չեն․ դրանք համայնքի զարգացման, բնակիչների կյանքի որակի բարձրացման և գալիք սերունդների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու կարևոր քայլեր են։
Ուրախալի է տեսնել, թե ինչպես է Ախուրյանը քայլ առ քայլ դառնում ավելի բարեկարգ, հարմարավետ ու զարգացող համայնք՝ պահպանելով իր ինքնատիպությունն ու ավանդույթները։ Յուրաքանչյուր նորակառույց դպրոց, բարեկարգված փողոց ու նոր հնարավորություն համայնքի ապագայի նկատմամբ վստահության արտահայտություն է։
Համոզված եմ, որ բնակիչների նախաձեռնողականության, համատեղ աշխատանքի և հետևողական ծրագրերի շնորհիվ Ախուրյանը շարունակելու է զարգանալ՝ դառնալով ավելի բարեկեցիկ ու գրավիչ համայնք բոլորի համար։
Թող համայնքի յուրաքանչյուր ընտանիքում տիրեն ջերմությունն ու համերաշխությունը, երիտասարդներն իրենց ապագան կառուցեն հայրենի համայնքում, իսկ յուրաքանչյուր նոր օր Ախուրյանին բերի առաջընթաց ու նոր հաջողություններ։
Շնորհավո՛ր տոնդ, Ախուրյա՛ն։»
Տոնական միջոցառումներն ամփոփվել են մեծ համերգային ծրագրով, որին մասնակցել են հանրահայտ կատարողներ՝ տոնական բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 16:01:26