Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի մայր Արուսյակ Սաջոնյանին
19.10.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի մայր Արուսյակ Սաջոնյանին և «Տիրամայր Հայաստանի» պատասխանատու քույր Նարինե Սիմոնյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մայր Արուսյակ Սաջոնյանի երկարամյա նվիրյալ գործունեությանը, Շիրակի մարզում իրականացվող մարդասիրական, կրթական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև «Տիրամայր Հայաստանի» կողմից երեխաների, երիտասարդների և սոցիալական աջակցության կարիք ունեցող տարեցների համար տարվող աշխատանքներին։
Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել մայր Արուսյակ Սաջոնյանի երկարամյա վաստակն ու նրա մարդկային նվիրումը՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում կատարված աշխատանքի նշանակությունը դժվար է ամբողջությամբ արտահայտել բառերով։
«Ձեր վաստակի և մեր մարզի մարդկանց համար կատարած աշխատանքի մասին խոսելիս պարզապես «բարձր գնահատականը» բավարար չէ։ Կան ներդրումներ, որոնց արժեքը հնարավոր չէ չափել միայն թվերով կամ բնութագրել մի քանի բառով։ Դրանք այն աշխատանքներն են, որոնք փոխում են մարդկանց կյանքը, հույս տալիս դժվարությունների առջև կանգնած ընտանիքներին և երեխաներին՝ հնարավորություն ստեղծելով հավատալու ավելի լավ ապագայի։ Ինձ համար անչափ գնահատելի են այն մարդիկ, ովքեր իրենց ժամանակը, ուժն ու սրտացավությունը ներդրել են Շիրակի մարզի և Գյումրու կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար, մարդիկ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ոչ միայն լուծում են սոցիալական խնդիրներ, այլև մարդկային ջերմություն, հոգատարություն և հավատ են փոխանցում մյուսներին։ Ձեր անցած ճանապարհը հենց այդպիսի ծառայության օրինակ է և դրա հանդեպ իմ գնահատանքն ու հարգանքը խորն են»,- նշել է մարզպետը։
Մայր Արուսյակ Սաջոնյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության, բարձր գնահատանքի և համագործակցության ու աջակցության պատրաստակամության համար՝ կարևորելով մարզային իշխանությունների հետ երկխոսությունն ու համատեղ աշխատանքի հնարավորությունները՝ ի նպաստ Շիրակի բնակիչների։
Հանդիպման ավարտին մայր Արուսյակ Սաջոնյանը Դավիթ Առուշանյանին է հանձնել Վատիկանից բերված օրհնված հուշանվեր՝ որպես ջերմ հանդիպման և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։










