Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին
28.10.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանին և վարչության աշխատակիցներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի ներդրումային ներուժի բացահայտման, նոր ներդրումային ծրագրերի ներգրավման և դրանց արդյունավետ իրականացմանն աջակցելու հնարավորությունները։
Դավիթ Առուշանյանը, ներկայացնելով մարզի առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները, ընդգծել է, որ Շիրակն ունի ներդրումների ներգրավման և տնտեսական ակտիվության խթանման զգալի ներուժ։
«Շիրակի մարզի ուժեղ կողմերից եմ համարում զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անասնապահությունը։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ նպատակային ներդրումների, ժամանակակից մոտեցումների և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր է լուրջ արդյունքներ գրանցել՝ նպաստելով ինչպես տնտեսության զարգացմանը, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որն արդեն իսկ բավական զարգացած է մեր մարզում և ունի ընդլայնման ու նոր ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ։ Մեզ համար կարևոր է բացահայտել այս և մյուս հեռանկարային ուղղությունների հնարավորությունները, ձևավորել ներդրումների համար նպաստավոր պայմաններ և նպաստել նախաձեռնությունների գործնական կյանքի կոչմանը։ Մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցելու փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ներդրումային նախաձեռնությունների առաջմղմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Խանում Գևորգյանը ներկայացրել է ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության գործունեության հիմնական ուղղությունները, հիմնադրամի կողմից ներդրողներին տրամադրվող աջակցության հնարավորությունները՝ կարևորելով ներդրումային նախաձեռնությունների իրականացման բոլոր փուլերում ցուցաբերվող աջակցությունն ու ներդրողների հետ շարունակական համագործակցության դերը՝ ծրագրերի արդյունավետ կյանքի կոչման գործում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային համագործակցությունը՝ առանձնացնելով մարզի տնտեսական ներուժին համապատասխան ներդրումային ուղղությունները և քննարկելով նոր նախաձեռնությունների զարգացման հեռանկարները՝ մարզի մրցակցային առավելությունների արդյունավետ օգտագործման, ներդրումային միջավայրի ամրապնդման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման նպատակով։







