Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում

29.10.2026

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ հետևել են տարբեր բնակավայրերում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։
Պատասխանատուները նախ այցելել են Սառնաղբյուր։ Բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իններորդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք ավարտական փուլում են։ Մարզպետի տեղակալն ու համայնքի ղեկավարն այցելել են նաև Սառնաղբյուրի վերանորոգվող մանկապարտեզ։
Արման Սարիբեկյանն Արտուշ Հովհաննիսյանին է ներկայացրել Սառնաղբյուրում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվելիք դպրոցի տարածքը, որի կառուցումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սառնաղբյուրի մշակույթի տան բակում նոր պուրակի կառուցման ընթացքին։ Տարածքի բարեկարգման շրջանակում նախատեսվում է տեղադրել մանկական խաղասարքեր, զրուցատաղավար և նստարաններ, ինչպես նաև իրականացնել ժամանակակից պահանջներին համապատասխան արտաքին լուսավորության համակարգի տեղադրում։ Պուրակի կանաչապատման աշխատանքները կներառեն նաև դեկորատիվ ծառերի տնկում՝ տարածքին հաղորդելով առավել բարեկարգ և գրավիչ տեսք։
Արտուշ Հովհաննիսյանն ու Արման Սարիբեկյանը եղել են նաև Լանջիկ բնակավայրում, որտեղ հետևել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող գլխավոր ճանապարհի շինարարության ընթացքին։ Ոլորտի մասնագետների կողմից այն իրականացվող ծրագրերից ամենաարդյունավետն է գնահատվել, քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարված փոփոխությունների հիման վրա ասֆալտապատում է իրականացվել նաև դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհահատվածներում։
Այնուհետև պատասխանատուները եղել են Ձիթհանքով բնակավայրում և հետևել գերեզմաններ տանող 800 մետր երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներին։ Ասֆալտի առաջին շերտի ծածկույթը տեղադրվել է, այժմ ընթանում են երկրորդ շերտի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել է նաև հաջորդ տարի դեպի դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը։
Քարաբերդում էլ պատասխանատուները դիտարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները, շինարարի հետ քննարկել դրանց ավարտման ժամկետներին առնչվող հարցեր։
Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը բոլոր շինօբյեկտներում փոխանցել է մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարականը՝ անել հնարավորը աշխատանքներում թերություններից խուսափելու, սահմանված ժամկետներում տեղավորվելու և պետական միջոցները նպատակային ծախսելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-29 16:59:14