Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում շարունակվում են առողջապահական հաստատությունների կառուցման և վերակառուցման լայնածավալ աշխատանքները

03.11.2026

 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն
Շիրակի մարզում շարունակվում են առողջապահական հաստատությունների կառուցման և վերակառուցման լայնածավալ աշխատանքները։ Ծրագրերի ընթացքին այսօր հետևել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ պատասխանատուների հետ այցելելով մարզում իրականացվող շինհրապարակներ։
Մարզպետի առաջին կանգառը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցման շինհրապարակում է եղել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 49 մլն 822 հազար դրամ։Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027 թվականին։
Այնուհետև Դավիթ Առուշանյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Հացիկ բնակավայր, որտեղ ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նոր ամբուլատորիա։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 200 մլն 407 հազար դրամ։ Երկհարկանի նորակառույց ամբուլատորիայում գործելու է առողջության առաջնային պահպանման օղակը՝ հագեցած անհրաժեշտ գույքով և բժշկական տեխնիկայով։ Շինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո մարզպետը շինարարների հետ զրույցում ընդգծել է աշխատանքների որակի և սահմանված ժամկետների պահպանման կարևորությունը։
«Կառավարությունը հսկայական միջոցներ է ուղղում Շիրակի մարզում առողջապահական հաստատությունների կառուցման և վերակառուցման աշխատանքներին։ Սա մեծ պատասխանատվություն է ենթադրում բոլորիս համար։ Շինարարները պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք, աշխատանքներն իրականացնեն բարձր որակով՝ բացառելով ցանկացած թերացում։ Յուրաքանչյուր կառույց պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին և ծառայի նպատակին։ Կարևոր է նաև, որ աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետներում, որպեսզի բնակիչները հնարավորինս շուտ օգտվեն նոր և արդիականացված բուժհաստատություններից»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն այնուհետև եղել է Ախուրիկ բնակավայրում, որտեղ Կառավարության կողմից 193 մլնն 602 հազար դրամ է հատկացվել «Ախուրիկի ԲԱ» նոր շենքի կառուցման համար։ Այստեղ շինարարարական աշխատանքներում առկա թերացումները շուտափույթ վերացնելու առումով մարզպետը հստակ հանձնարարական է տվել՝ նշելով, որ պետական միջոցները նպատակային պետք է ծախսվեն և բացառվի որևէ խնդիր։
Առողջապահական ենթակառուցվածքների բարելավման նպատակով էլ Կառավարությունը 244 մլն 140 հազար դրամ է տրամադրել «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման համար։
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում իրականացվում են 6 խոշոր առողջապահական ենթակառուցվածքային ծրագրեր՝ 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցում – 3 մլրդ 94 մլն 707 հազար դրամ։
ՀՀ ԱՆ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցում – 1 մլրդ 49 մլն դրամ։
Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցում – 1 մլրդ 475 մլն 248 հազար դրամ։
ՀՀ Շիրակի մարզի «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցում – 244 մլն 140 հազար դրամ։
 ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի ԲԱ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցում – 193 մլն 602 հազար դրամ։
ՀՀ Շիրակի մարզի «Հացիկի ԲԱ» ՀՈԱԿ-ի շենքի կառուցում – 200 մլն 407 հազար դրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 17:49:59