Նորություններ
Տեղի է ունեցել «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում
06.11.2026
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ տեղի է ունեցել «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Մարգարիտա Կարապետյանը և գործակալության աշխատակիցները, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի փոխտնօրենն ու աշխատակիցները, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների համայնքային 60 ծառայողներ։
Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունել է մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը՝ կարևորելով նախաձեռնության իրականացումը և ընդգծելով, որ համայնքների կողմից իրավական ակտերի պատշաճ մշակումը, դրանց օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ու ճիշտ կիրառումը տեղական ինքնակառավարման արդյունավետության և իրավական գործընթացների թափանցիկության ապահովման կարևոր նախապայմաններից են։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում հաճախակի հանդիպող սխալներն ու թերությունները, իրավական ակտերի տեսակները, կառուցվածքն ու վավերապայմանները, օրենսդրական վերջին փոփոխությունները, ինչպես նաև իրավական ակտերի փորձաքննության գործընթացն ու դրա համար սահմանված ժամկետները։
Սեմինարի կազմակերպիչները պարզաբանումներ են ներկայացրել նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ։ Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման և մասնագիտական փորձի փոխանակման մթնոլորտում։










