Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն

06.11.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի, համայնքների ղեկավարների, պաշտոնատար այլ անձանց հետ մասնակցել է «ՀՀ տնտեսությունը՝ Երևանից դուրս» համաժողովին, որի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն։
Էքսպոյի շրջանակում Հայաստանի բանկերն ու գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են ծառայություններն ու արտադրանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել գործարար կապերը, ձևավորել նոր համագործակցություններ և նպաստել մարզային տնտեսության զարգացմանը։
Համաժողովի մեկնարկին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում և ընդգծելով Գյումրու՝ որպես հարուստ գործարար ավանդույթներ և տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաքի առանձնահատուկ դերը։
«Այսօր Գյումրիում են Հայաստանի բանկերը՝ շիրակցիներին և գյումրեցիներին ներկայացնելու իրենց ծառայություններն ու հնարավորությունները։ Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի զարգացման ճանապարհին կարևոր դեր ունի ֆինանսական գործընկերը՝ ի դեմս բանկի, որի աջակցությունը հաճախ վճռորոշ նշանակություն է ունենում նոր ծրագրերի իրականացման և բիզնեսի ընդլայնման համար։
Գյումրին այս նախաձեռնության անցկացման համար լավագույն վայրերից է։ Այն ունի հաջողված բիզնեսի հարուստ պատմություն, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Համոզված եմ՝ մարզերի համաչափ զարգացման՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը պետք է դառնա նաև մասնավոր հատվածի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարևոր ուղղություններից մեկը։ Գյումրին այն քաղաքներից է, որտեղ այս մոտեցումը կարող է առավել արդյունավետորեն կյանքի կոչվել՝ նպաստելով նոր ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»։
Միջոցառման շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն շրջել են էքսպոյի տաղավարներով, ծանոթացել մասնակից բանկերի և կազմակերպությունների կողմից ներկայացված ծառայություններին, պրոդուկտներին ու նորարարական լուծումներին, ինչպես նաև զրուցել ներկայացուցիչների հետ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-12 13:48:37