Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ տնտեսությունը՝ Երևանից դուրս» համաժողովի շրջանակում Գյումրիում անցկացվել են պանելային քննարկումներ

06.11.2026

«ՀՀ տնտեսությունը՝ Երևանից դուրս» համաժողովի շրջանակում Գյումրիում անցկացվել են պանելային քննարկումներ՝ նվիրված մարզային բիզնեսի զարգացման հնարավորություններին, առկա մարտահրավերներին և մարզերի տնտեսական ներուժի իրացման պետական առաջնահերթություններին։
Քննարկումների մեկնարկից առաջ մասնակիցներին ներկայացվել է «Շիրակի մարզում բիզնեսի ֆինանսավորման հաջողված պատմություններ» ֆիլմը, որն անդրադարձել է մարզում բիզնեսի զարգացման և ֆինանսավորման հաջողված օրինակներին։
Պանելային քննարկման առաջին հատվածում անդրադարձ է կատարվել Երևանից դուրս բիզնեսի ծավալման սահմանափակումներին ու հնարավորություններին։ Քննարկվել են բիզնեսի աշխարհագրական տարածման և տարածքային մրցունակության, շուկաների հասանելիության, ենթակառուցվածքների և գործարար էկոհամակարգի, մարդկային կապիտալի ու մասնագիտական ներուժի, ֆինանսավորման հասանելիության և ներդրումային պահանջարկի, ինչպես նաև մարզային բիզնեսի մասշտաբավորման ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Հաջորդ պանելային քննարկումը նվիրված է եղել մարզերի տնտեսական ներուժի իրացման պետական առաջնահերթություններին։ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի մոդերատորությամբ քննարկմանը բանախոսությամբ հանդես են եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով Շիրակի մարզի տնտեսական ներուժի իրացմանը՝ մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ այդ գործընթացը պայմանավորված է տնտեսական քաղաքականության տարբեր ուղղությունների համադրված և փոխլրացնող աշխատանքով՝ ընդգծելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը։
 «Շիրակի մարզը, հատկապես Գյումրին, ունի տնտեսական մեծ ներուժ, որը դեռևս ամբողջությամբ իրացված չէ։ Միևնույն ժամանակ, 2018 թվականից ի վեր մարզում, մասնավորապես Գյումրիում, արձանագրվել են նկատելի դրական տեղաշարժեր։ Իրականացվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի լուրջ ներդրումային ծրագրեր, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում քաղաքի և մարզի տնտեսական զարգացման համար։
Կարևոր նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների զարգացումը։ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն ու դրա շրջանակում տրանսպորտային հասանելիության բարելավումը կարող են էական ազդակ դառնալ Շիրակի մարզի տնտեսական ակտիվության բարձրացման, բիզնեսի ընդլայնման և նոր ներդրումների ներգրավման համար։ Այս համատեքստում կարևոր է նաև Գյումրու օդանավակայանի և երկաթուղու արդյունավետ գործունեությունը, քանի որ տրանսպորտային տարբեր միջոցների զարգացումն ու փոխկապակցվածությունը կարող են մեծացնել մարզի մրցունակությունը, ընդլայնել շուկաների հասանելիությունը և նոր հեռանկարներ բացել գործարար համայնքի համար»։
Քննարկման մասնակիցները կարևորել են բաց և արդյունավետ երկխոսության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ միայն համագործակցության և համատեղ քննարկումների միջոցով հնարավոր կլինի առավել լիարժեք օգտագործել մարզերի տնտեսական հնարավորությունները, խթանել ներդրումային ակտիվությունը և ձևավորել զարգացման նոր հեռանկարներ։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-12 13:48:37