Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
10.11.2026
Համայնքների հարգելի՛ ղեկավարներ, ավագանու անդամներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կենսունակության կարևորագույն հիմքերից է։ Հենց համայնքային մակարդակում է պետական քաղաքականությունը ստանում անմիջական արտահայտությունը՝ վերածվելով բնակիչների առօրյայում զգալի փոփոխությունների, լուծված խնդիրների և կյանքի որակի բարելավման։
Համայնքը պարզապես վարչատարածքային միավոր չէ․ այն մարդկանց տունն է, նրանց ընդհանուր պատասխանատվության, նախաձեռնությունների և ապագայի ձևավորման միջավայրը։ Համայնքի զարգացումը միայն կառավարման խնդիր չէ, այլև հայրենանվեր առաքելություն, որի հաջողությունը պայմանավորված է պատասխանատու աշխատանքով, հետևողականությամբ և հանրային շահը գերակա համարելու սկզբունքով։
Այս տարին առանձնահատուկ է նաև ընտրական գործընթացներով։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ժողովրդավարությունը սկսվում է քաղաքացու գիտակցված ընտրությունից, իսկ այդ ընտրությամբ ստանձնած վստահությունը ենթադրում է ամենօրյա աշխատանք, հաշվետվողականություն և պատասխանատվություն։ Ընտրված համայնքային իշխանությունների առաջնային առաքելությունը բնակիչների վստահությունն արդարացնելն է։
Տեղական ինքնակառավարման համակարգի շարունակական զարգացումը, լիազորությունների ապակենտրոնացումը, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումն ու հանրային ծառայությունների որակի բարձրացումը Կառավարության կարևոր առաջնահերթություններից են։ Վստահ եմ, որ փոխգործակցության, հետևողական աշխատանքի և պատասխանատու կառավարման շնորհիվ շարունակելու ենք ամրապնդել համայնքային ժողովրդավարությունը՝ ձևավորելով ավելի բարեկարգ, զարգացած ու բնակիչների համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովող համայնքներ։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական և պատասխանատու այս առաքելությունն իրականացնող բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով ուժ, հաստատակամություն և հաջողություններ՝ ի շահ մեր համայնքների, Շիրակի մարզի և Հայաստանի Հանրապետության։


