Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգվող մանկապարտեզներ

11.11.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգվող մանկապարտեզներ։
Մարզպետն առաջինը դիտարկել է Գյումրու «Արևիկ» մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքները։ Շրջել է հաստատության տարածքում, խմբասենյակներում, ճաշարանում և ննջասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և Կառավարության կողմից տրամադրված նոր գույքին։ Դավիթ Առուշանյանը հանձնարարել է առկա կոսմետիկ թերությունները հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել։
«Յուրաքանչյուր շինարար աշխատանք պետք է իրականացնի այնպես, ինչպես սեփական տան կառուցման կամ վերանորոգման դեպքում՝ պատասխանատվությամբ և հոգատարությամբ։ Պետական միջոցները պետք է ծախսվեն նպատակային ու արդյունավետ, անթույլատրելի է անտեսել նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են պատերի պատշաճ ներկումը կամ էլեկտրական մալուխների ճիշտ տեղադրումն ու ամրացումը, քանի որ պետական միջոցների ծախսման հարցում մանրուքներ չկան․ յուրաքանչյուր դրամ պետք է օգտագործվի նպատակային, իսկ աշխատանքները պետք է իրականացվեն որակով և սահմանված ժամկետներում։ Անթույլատրելի է անտեսել նույնիսկ փոքր թերությունները․ մեր նպատակը ոչ թե պարզապես աշխատանքն ավարտելն է, այլ որակյալ, անվտանգ և երկարաժամկետ արդյունք ապահովելը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
«Արևիկ» մանկապարտեզի վերանորոգման արդյունքում Գյումրին կունենա 186 տեղ հզորությամբ ժամանակակից մանկապարտեզ։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 52 մլն 805 հազար դրամ է։
Այնուհետև Դավիթ Առուշանյանն այցելել է Գյումրու «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Մարզպետը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել առաջիկա փուլերն ու աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերի լուծման տարբերակները։
177 տեղ հզորությամբ մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 87 մլն 275 հազար դրամ է։
Մարզպետը կարևորել է երկու ծրագրերի պատշաճ իրականացումը՝ ընդգծելով, որ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետներում՝ որակի բոլոր պահանջների պահպանմամբ։ Վերջնական արդյունքը պետք է լինի անվտանգ, հարմարավետ և ժամանակակից միջավայր, որտեղ երեխաները կստանան նախադպրոցական կրթություն ու խնամք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-12 13:48:37