Նորություններ
Ոչ միայն ասֆալտապատում, այլև երկարաժամկետ լուծումներ՝ 2027 թվականին Գյումրիում ճանապարհաշինական մեծ թափ է լինելու
13.11.2026
Ոչ միայն ասֆալտապատում, այլև երկարաժամկետ լուծումներ՝ 2027 թվականին Գյումրիում ճանապարհաշինական մեծ թափ է լինելու․ մարզպետը քննարկել է առաջիկա աշխատանքների կազմակերպումը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանին, հիմնադրամի աշխատակիցներ՝ Երևանի և Գյումրիի ասֆալտապատման աշխատանքների համակարգող Արմեն Ղազարյանին և ճարտարապետ Ռիմա Հարությունյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Թադևոս Վարդանյանը։
Քննարկման առանցքում եղել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական լայնածավալ ծրագրերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2026 թվականին նախատեսված ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են այժմ, ինչպես նաև 2027 թվականից մեկնարկող և շարունակական բնույթ կրող՝ տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրին։
Հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկն արդեն պատրաստ է։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ցանկում ընդգրկված յուրաքանչյուր փողոցի և ճանապարհահատվածի առանձնահատկությունները, նախատեսվող աշխատանքների ծավալները, նախագծային լուծումները, ինչպես նաև շինարարության ընթացքում հնարավոր խնդիրների նախնական բացահայտման և դրանց լուծման մեխանիզմները։
Դավիթ Առուշանյանը, կարևորելով առաջիկա ճանապարհաշինական ծրագրի ժամանակին մեկնարկն ու պատշաճ իրականացումը, ընդգծել է, որ աշխատանքների արդյունավետությունը պետք է ապահովվի դեռևս նախագծման փուլից՝ շարունակվելով մինչև շինարարության ավարտը։
«Ինձ համար չափազանց կարևոր է, որ բնակիչները, նույնիսկ եթե աշխատանքների ընթացքում որոշակի անհարմարություններ կրեն, արդյունքում ունենան իսկապես որակյալ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված ճանապարհներ։ Մեր խնդիրը միայն ասֆալտապատում իրականացնելը չէ։ Պետք է այնպես կազմակերպենք աշխատանքները, որ մեկ-երկու տարի անց որևէ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու է նորոգված ճանապարհը կրկին քանդվում։ Մինչև շինարարությունը պետք է ամբողջությամբ ուսումնասիրենք և կարգավորենք ինժեներական ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, որպեսզի հետագայում գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից նորոգված ճանապարհը կրկին քանդելու անհրաժեշտություն չառաջանա։ Այս ամենով պետք է զբաղվենք նախապես։ Իմ խնդիրն է՝ վարչապետի՝ գյումրեցիների կյանքի որակի բարելավմանն ուղղված այս աննախադեպ և ահռելի ներդրումներ պահանջող հանձնարարականն իրականացնել հավուր պատշաճի։ Մեզ համար յուրաքանչյուր օր կարևոր է։ Պետք է այսօր անենք անհրաժեշտ ամբողջ աշխատանքը, որպեսզի վաղը շինարարական գործընթացը չկանգնի չլուծված հարցերի կամ չհստակեցված խնդիրների պատճառով։ 2027 թվականին Գյումրիում ճանապարհաշինական մեծ թափ է լինելու, և մենք պետք է դրան պատրաստ լինենք արդեն այսօր»,- ընդգծել է մարզպետը։
Սաթենիկ Թովմասյանն իր հերթին վստահեցրել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կանի առավելագույնը՝ նախապատրաստական գործընթացներն արդյունավետ կազմակերպելու, որևէ օր չկորցնելու և աշխատանքների մեկնարկն առանց ավելորդ ձգձգումների ու քաշքշուկների ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերն առանձին անդրադարձել են հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկում ներառված յուրաքանչյուր հատվածին, քննարկել նախագծային և տեխնիկական լուծումները, առկա ենթակառուցվածքների վիճակը, հնարավոր խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ նախապատրաստական բոլոր գործընթացները ժամանակին ավարտելու, ծրագրերի անխափան մեկնարկն ու աշխատանքների որակյալ իրականացումն ապահովելու նպատակով։
Հանդիպումից հետո պատասխանատուները շրջել են փողոցներում, դիտարկել դրանք, քննարկել անելիքները։












