Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում կձևավորվի Էկոպարեկային ծառայության մարզային վարչություն՝ 103 աշխատակիցներով

13.11.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
Հանդիպման առանցքում եղել են Էկոպարեկային ծառայության գործունեությունը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ընդգրկող մարզային վարչության ձևավորման ընթացքն ու առաջիկա համալրման աշխատանքները։ Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ վարչության թափուր հաստիքների համալրման մրցույթներն արդեն հայտարարված են։ Նոր ստորաբաժանումը տեղակայվելու է Շիրակի մարզում և ունենալու է 103 աշխատակից։
Դավիթ Առուշանյանը կարևորել է նորաստեղծ ծառայության գործունեությունն ու մարզում դրա ներկայությունը՝ ընդգծելով, որ կառույցի ձևավորումը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, այլև մարզի համար նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր հնարավորություն է։
«Շիրակի մարզն ունի առանձնահատուկ կենսաբազմազանություն, կենդանական ու բուսական աշխարհի բացառիկ ներկայացուցիչներ, որոնց պահպանությունն ու վերարտադրության ապահովումը մեր բոլորի գերխնդիրն ու պարտականությունն են։ Հատկապես կարևորում եմ նոր ձևավորվող վարչության դերակատարությունը բնական ռեսուրսների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։ Վստահ եմ, որ նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքը կնպաստի այս ուղղությամբ մեր ջանքերի առավել համակարգված իրականացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիարժեք համագործակցության և իր հնարավորությունների սահմաններում կանի առավելագույնը՝ ծառայության մարզային վարչության կայացմանն ու անխոչընդոտ գործունեությանը աջակցելու համար»,- նշել է մարզպետը։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում նշանակալի արդյունքների հասնելու համար առանցքային է պետական կառույցների միջև արդյունավետ գործընկերությունը։
Նա նաև մանրամասներ է ներկայացրել մարզային վարչության ձևավորման և համալրման առաջիկա գործընթացների վերաբերյալ՝ կարևորելով թափուր հաստիքների մրցույթների, ինչպես նաև կառույցի գործունեության մասին հանրության պատշաճ իրազեկումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-19 14:25:18