Նորություններ
Շիրակի մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել համայնքապետարանների վաստակաշատ աշխատակիցներին
13.11.2026
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման 30-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր շնորհակալագրերով է պարգևատրել մարզի համայնքապետարանների վաստակաշատ աշխատակիցներին՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա արդյունավետ գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար։
Մարզպետը կարևորել է համայնքային կառավարման համակարգում աշխատող յուրաքանչյուրի ներդրումն ու տարիների ընթացքում կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը նախևառաջ պայմանավորված է գործին նվիրված, պատասխանատու և համայնքի խնդիրներին քաջատեղյակ մարդկանց աշխատանքով։
«Տեղական ինքնակառավարումը միայն կառավարման համակարգ չէ, այն առաջին հերթին անմիջական կապն է քաղաքացու և պետության միջև։ Չափազանց կարևոր է, որ համայնքապետարաններում յուրաքանչյուր աշխատակից լիարժեք գիտակցի իր վրա դրված պատասխանատվությունն ու աշխատանքի կարևորությունը։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակը պետք է լինի քաղաքացիների հոգսերի թեթևացումը, նրանց խնդիրներին հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ տալը և մարդկանց կյանքի որակի բարելավումը։ Յուրաքանչյուր պատասխանատու և բարեխիղճ աշխատանք, որքան էլ այն երբեմն աննկատ մնա, իր նշանակալի ներդրումն ունի համայնքի զարգացման գործում, ուստի կարևորում եմ ձեր տարիների վաստակն ու նվիրումը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման համակարգի երեք տասնամյակի պատմությունը նաև այն մարդկանց աշխատանքի և նվիրումի պատմությունն է, ովքեր ամենօրյա գործունեությամբ նպաստել են համայնքների կայացմանն ու զարգացմանը։
Համայնքապետարանների շնորհակալագրերի արժանացած ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ տարիների աշխատանքը գնահատելու, ցուցաբերած ուշադրության և վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ նման գնահատանքը պարտավորեցնող է և նոր եռանդ է հաղորդելու իրենց հետագա աշխատանքին։
















