Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի ԺՊ․ մարզպետն ու նախարարը ներկայացրել են նոր ղեկավարին

16.11.2026

Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են «Գյումրի» բժշկական կենտրոն և աշխատակազմին ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է բժշկական կենտրոնի կարևոր նշանակությունը մարզի առողջապահական համակարգում և հաջողություն մաղթել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին։
«Կցանկանամ խոսքս սկսել Արմեն Իսահակյանի մասին հիշատակմամբ։ Նա բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնեց ամենաբարդ ժամանակահատվածում, երբ մի քանի բուժհաստատություններ միավորվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Հիշում եմ՝ երբ զրուցում էինք, երջանկահիշատակ Բժիշկն ասում էր, որ դժվարին փուլն արդեն հաղթահարել ենք և անցել զարգացման փուլին։ Ցավոք, այսօր նա մեզ հետ չէ, բայց նրա կատարած աշխատանքն ու ներդրումը կարևոր են կենտրոնի պատմության մեջ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բժիշկ Արմեն Խաչատրյանին՝ այս ժամանակահատվածում կենտրոնի աշխատանքը անխոչընդոտ, համակարգված կազմակերպելու համար։ Պարոն Գևորգյանին ցանկանում եմ հաջողություն մաղթել ստանձնած պատասխանատու աշխատանքում։ Ընդ որում, նրա հաջողությունը միայն անձնական հաջողություն չէ․ այն անմիջականորեն կապված է մեր մարզի բնակիչների առողջության և բարեկեցության հետ։
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ «Գյումրի» բժշկական կենտրոնն ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունեցող հաստատություն է, քանի որ այստեղ մարդկային կյանքերի մասին է խոսքը։ Շիրակի մարզի առողջապահական համակարգի առանցքային բուժհաստատություններից մեկի անխափան և արդյունավետ աշխատանքը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի։ Մեր առաջնային խնդիրն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ստանա որակյալ, հասանելի և ժամանակին բժշկական օգնություն ու սպասարկում», - նշել է Դավիթ Առուշանյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս կարևորել է բժշկական կենտրոնի շարունակական զարգացումը, առողջապահական ծառայությունների որակի բարձրացումն ու բնակչության համար դրանց հասանելիության ապահովումը՝ կարևորելով երջանկահիշատակ Արմեն Իսահակյանի վաստակն ու ներդրումը հիվանդանոցի կայացման գործում և Դավիթ Գևորգյանին մաղթելով հաջողություններ ստանձնած պատասխանատու աշխատանքում։
Պատասխանատուներն այնուհետև դիտարկել են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան շինաշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 49 մլն 822 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027 թվականին։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-19 14:25:18