Նորություններ
Հայ-իտալական բարեկամությունը՝ մշակույթի, խոհանոցի և ապակենտրոնացված համագործակցության համատեքստում
20.11.2026
Հայ-իտալական բարեկամությունը՝ մշակույթի, խոհանոցի և ապակենտրոնացված համագործակցության համատեքստում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիի հրավերով «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում մասնակցել է իտալական խոհանոցի 11-րդ համաշխարհային շաբաթվա շրջանակում կազմակերպված ճաշին։
Միջոցառման հյուրասիրությունը պատրաստել էր «Համի դեսպան» և Michelin Guide 2026-ի շեֆ-խոհարար Լուկա Մաստրոմատեին՝ «Տիրամայր Հայաստանի» (Տիրամայր Գյումրի) մասնագիտական դպրոցի սաների հետ համատեղ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հատկապես մարզային մակարդակում համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
«Ուրախալի է, որ այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականացվում է Շիրակի մարզում, որտեղ հյուրասիրությունն ու հյուրընկալությունը մեր ինքնության անբաժանելի մասն են։ Հայ-իտալական բարեկամությունը, որը խարսխված է պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա, շարունակաբար զարգանում և նոր բովանդակություն է ստանում։ Կարևորում եմ, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են ոչ միայն պետական և միջպետական մակարդակներում, այլև հասնում են մարզեր՝ ստեղծելով անմիջական համագործակցության, փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։ Ինչպես ընդունված է ասել՝ Իտալիան միայն Հռոմը չէ, Հայաստանն էլ միայն Երևանը չէ։ Մեր մարզերն ունեն մեծ ներուժ, և կարևոր է, որ միջազգային գործընկերությունը հասնի նաև մարզեր ու մարդկանց՝ վերածվելով շոշափելի արդյունքների։ Այսօրվա միջոցառումը ոչ միայն իտալական հարուստ խոհարարական մշակույթին ծանոթանալու, այլև միջմշակութային երկխոսության, մասնագիտական կրթության և երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծելու ևս մեկ գեղեցիկ առիթ է»,- նշել է մարզպետը։
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ վերաբերմունքի և միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ Շիրակի մարզում միշտ առանձնահատուկ ջերմություն և հյուրընկալ վերաբերմունք է զգում։
Դեսպանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ մշակույթը, խոհանոցը և մասնագիտական կրթությունը ժողովուրդներին միմյանց ավելի մոտեցնելու արդյունավետ հարթակներ են:


















